ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Պրագմատի՞կ», թե՞ «ռոմանտիկ» ամառ

«Պրագմատի՞կ», թե՞ «ռոմանտիկ» ամառ
04.07.2008 | 00:00

Ինչպիսի՞ն է լինելու 2008-ի քաղաքական ամառը, եթե հաշվի առնենք, որ Համաժողովրդական շարժման նախաձեռնած պերմանենտ հանրահավաքները խոստանում են բավականին «շոգ» զարգացումներ։
«Իրավունք de facto» ակումբում երեկ այս թեմայի շուրջ բանավեճի էին հրավիրվել ԱԺ հանրապետական պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու ՍԻՄ հիմնադիր նախագահ, այս պահին թիվ 17 ընտրատարածքում մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

«Այդքան էլ թեժ ամառ չի սպասվում, որովհետև «պերմանենտ» ցույցերն ու միտինգները չեմ կարծում, թե ամբողջ ամռան ընթացքում պերմանենտ լինեն,- ասաց «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ծնունդով ղարաբաղցի Համլետ Հարությունյանը։- Մարդիկ, ի վերջո, պետք է հանգստանան, զբաղվեն իրենց առօրյա գործերով, բացի այդ, իմ խորին համոզմամբ, անցել են հեղափոխական ռոմանտիզմի ժամանակները, և մեր հասարակության ներսում այսօր ավելի շատ առկա են իրատեսական մոտեցումները։ Այնպես որ քաղաքական ամռան ընթացքում կհաղթի պրագմատիզմը»։
Ընդգծելով, որ սպասվող շոգ ամիսներին ավելի շատ գործով է զբաղվելու, քան կանխատեսումներ անելով, Հրանտ Խաչատրյանն ասաց, թե այսօր «կան պետականորեն դրված խնդիրներ, որոնք լուծելու համար բավականին եռանդուն կամ, որ նույնն է, թեժ աշխատանք է պահանջվում»։ «Եթե պետական առաձնասենյակներում այդ հարցերը չլուծվեն, բնականաբար, պետք է լուծվեն ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ պետությունը, հանրապետական կուսակցությունը, նախագահ դարձած նրա թեկնածուն նույնպիսի եռանդով զբաղվեին այդ խնդիրների հապշտապ լուծմամբ, ինչպես որ իրենք են հայտարարում, և հասարակությունն էլ իր ակտիվ, բայց լուռ աջակցությամբ սատարեր այդ գործընթացներին, բայց, ինչպես տեսնում ենք, հասարակության ավելի ակտիվ և ոչ լուռ մասնակցության կարիքը կա այսօր»։
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիրը նշեց, որ հրապարակային թեժ միջոցառումների առաջ «կարմիր լույս» վառելու նպատակով իշխանությունները մասնավորապես, բավականին լուրջ ջանքեր գործադրեցին Երևան քաղաքի ավագանու ընտրությունները հետաձգելու ուղղությամբ։ Ընտրություններ՝ մեծ լիազորություններով օժտված նոր քաղաքապետ ունենալու հեռանկարով, որից իշխանություններն ավելի են զգուշանում, քան աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններից, ինչի առնչությամբ ընդդիմությանը հորդորում են, նույնիսկ, ավելի ակտիվ մասնակցություն ունենալ և յուրաքանչյուր համայնքում առաջադրել սեփական թեկնածուին։ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընդդիմադիր, այդ թվում՝ նաև ես, լավագույնս պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից, և ես այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արել եմ՝ թեկնածությունս առաջադրելով թիվ 17 ընտրատարածքում»,- հավելեց Հրանտ Խաչատրյանը, չմոռանալով ընդգծել, որ հետևողական է լինելու քարոզարշավի ողջ ընթացքում և այս առնչությամբ ակնկալում է «ժողովրդավարական հակումներ ու ապացուցված ձգտումներ ունեցող ողջ հասարակության աջակցությունը»։ Այդ աջակցությունը տեսական հարթությունից գործնական սատարումի դաշտ փոխադրելու նպատակով Խաչատրյանն արդեն հանդես է եկել անդրանիկ նախաձեռնությամբ, որի էլեկտրոնային տարբերակը երեկ ուղարկվել է բոլոր լրատվամիջոցներին։ «Իմ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ քաղաքական պայքարին զուգընթաց մենք հասարակության ներսում պետք է կարողանանք ներդնել և արմատավորել ժողովրդավարական մի շարք մեխանիզմներ, որոնք մինչ օրս կա՛մ չեն կիրառվել կա՛մ լավ չեն կիրառվել։ ...Ընտրությունների ժամանակացույցով հիմա ընթանում է ոչ միայն թեկնածուների առաջադրման ու գրանցման, այլ նաև նախընտրական հիմնադրամների ձևավորման գործընթացը, և ես կոչ եմ արել իմ համակիրներին` իրենց աջակցությունը հաստատել նաև նախընտրական հիմնադրամի ձևավորման հարցում, փոխանցելով 1000-ական դրամներ։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Պատահական չէ, որ ազատ աշխարհի երկրներում թեկնածուների վարկանիշը որոշելիս առաջնային տեղ է հատկացվում հենց այդ փոքր, բայց քաղաքացիների համար մատչելի գումարների քանակությանը։ Եթե ինձ և հասարակությանը հաջողվի այս փուլում ժողովրդավարական այս նոր մեխանիզմը ներդնելու հարցում հասնել հաջողության, կարծում եմ, դա կլինի հենց այն առաջին քայլը, որի վրա կկառուցվի նաև մեր հաղթանակը»։
Անդրադառնալով Համլետ Հարությունյանի այն ձևակերպմանը, թե հեղափոխական ռոմանտիզմի ժամանակներն անցել են, Հրանտ Խաչատրյանը ոչ միայն չպաշտպանեց այս «թեզը», այլև կտրուկ դեմ արտահայտվեց մեր իրականությունից քաղաքական ռոմանտիզմի իսպառ բացակայությանը։ Միաժամանակ ընդունեց հանրապետական պատգամավորի պնդումը, թե մեր իրականության մեջ գերիշխողն այսօր, այնուամենայնիվ, պրագմատիզմն է։
Նախընտրական գործընթացներից անցում կատարելով դեպի Հյուսիսային պողոտա, լրագրողները բանախոսներից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունեն վերջիններս «Հիմա» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին պարբերաբար ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ։
Համլետ Հարությունյանն անկեղծորեն խոստովանեց, որ ինքը ծանոթ չէ «անցյալ» կամ «հիմա» շարժումներին, սակայն հակված էլ չէ կարծելու, թե Հյուսիսային պողոտայում կամ այլ վայրերում արձանագրվող ծեծի ու բախումների հետևում անպատճառ ոստիկանությունն է կանգնած՝ իշխանությունների հրահրմամբ։ «Ես քաղաքում ամեն օր հարյուրավոր ջահելական ծեծկռտուք եմ տեսնում, ինչը սովորական բան է մեր քաղաքի համար, որովհետև դեռ այդչափ քաղաքակրթված չենք»,- հավելեց պատգամավորը, ընդհանրացնելով, թե «ծեծը քաղաքական կատեգորիա չէ»։ «Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական կյանքում անկենսագիր շատ հասարակական կազմակերպություններ կան, որոնց ծագումնաբանությունն ինձ հայտնի չէ։ Եթե հայտնի չէ, չեմ էլ կարող կարծիք հայտնել տվյալ կազմակերպությունների կամ շարժումների վերաբերյալ»։
Նույն հարցին Հրանտ Խաչատրյանը շատ ավելի կոնկրետ պատասխան տվեց, շեշտելով, թե ծեծը Հայաստանի Հանրապետությունում համարվում է քրեական հանցագործություն (ՔՕ-ի 118 հոդված), բայց եթե մարմնական ծանր վնասվածքներ չկան, կողմերն օրենքի շրջանակներում կարող են գնալ հաշտության ճանապարհով։ «Նույն հոդվածով այժմ ինձ քրեական մեղադրանք է ներկայացված»,- հումորով հիշեցրեց ՍԻՄ հիմնադիրը։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 7457

Մեկնաբանություններ